accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Դիսըբիլիթի Ինֆո.am

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին տեղեկատվական հարթակ

Ներառական կրթություն. Անահիտ Մուրադյան

0

Անահիտ Մուրադյան, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ

- Ի՞նչ կարևոր փոփոխություններ են կատարվել «Հանրակրթության մասին» օրենքում:

- Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որը շուրջ 3 տարի քննարկվում էր: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բարելավման առումով ի՞նչ է ենթադրում այդ օրենքը: Օրենքը ենթադրում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությանը օժանդակել երեք մակարդակներում: Առաջին մակարդակը հանրակրթական դպրոցն է, երկրորդը` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, և երրորդը` հանրապետական հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոնը: Մինչ այսօր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին աջակցություն տրամադրվում էր միայն դպրոցական և բժշկահոգեբանամանկավարժական, այսինքն` երկու մակարդակներում: Ընդ որում` դպրոցական մակարդակում աջակցությունը տրամադրվում էր ընտրված դպրոցներին` ներառական կրթություն իրականացնող ճանաչված դպրոցներին: Թեև «Կրթության մասին» օրենքի համաձայն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ծնողն ազատ է իր երեխայի համար հանրակրթական ուսումնական հաստատություն ընտրելու հարցում:

- Ի՞նչ աջակցություն է տրամադրվում դպրոցներին:

- Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում գործում էր բազմամասնագիտական թիմ` ի դեմս հատուկ մանկավարժի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, որովհետև կախված երեխաների կարիքներից` երեխաներին այդ ոլորտներում աջակցություն էր տրամադրվում: Ներկայումս նույնպես ենթադրվում է, որ բոլոր դպրոցներում` ճանաչված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, այս մասնագետները պետք է աշխատեն: Կախված նրանից, թե հանրակրթական դպրոցում ինչքա՞ն է երեխաների թիվը, այսինքն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քանի՞ երեխա կա հանրակրթական դպրոցում, աջակցությունը կտրամադրվի կա´մ հենց դպրոցի թիմի կողմից, կա´մ էլ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների կողմից:

- Ինչպե՞ս է ֆինանսավորվում դպրոցը և ինչպե՞ս պետք է տնօրինի այդ գումարը:

- Ֆինանսավորումը, կարծում եմ, պետք է փոխվի: Ներկա ֆինանսավորման համակարգը ներառական կրթություն իրականացնող դպրոցների համար է, և այսպես` յուրաքանչյուր 15-18 առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խմբի կամ դասարանի համար (դասարանը պայմանական բառ է, չի նշանակում առանձին դասարան, երեխաները բոլոր դպրոցներում դասարան կոմպլեկտի տակ են դիտարկվում ֆինանսական տեսանկյունից) հատկացվում է մեկական հատուկ մանկավարժի, սոցիալական մանկավարժի, հոգեբանի հաստիք: Համամասնությունը պետք է պահպանվի, քանի որ մենք հիմքում որպես մոդել ընտրել ենք Տավուշի մարզի փորձնական ծրագիրը, որն իրականացվել է «Հույսի կամուրջի» աջակցությամբ` Տավուշի մարզպետարանի, «Հույսի կամուրջի» և ԿԳՆ-ի փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Խորհուրդը պետք է որոշի դպրոցների կարիքները և գումարներն ուղղորդի ըստ դպրոցների կարիքների: Ասենք, գյուղական դպրոցը մի կարիք ունի (ես խոսում եմ ընդհանրապես դպրոցի մասին, ոչ թե կոնկրետ հաշմանդամություն ունեցող երեխաների կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպող դպրոցի մասին): Խորհրդի որոշմամբ գումարները ուղղորդվում են դպրոցի այս կամ այն կարիքներին: Այնուհետև այդ որոշումը` բյուջեի բաշխումը, ներկայացվում է կառավարման լիազոր մարմնի հաստատմանը: Եվ եթե խորհուրդը իսկապես իրազեկ է և շահագրգիռ, ճիշտ է կազմում դպրոցի բյուջեն, իսկ եթե ընդամենը առաջնորդվում է չոր թվերով, բնականաբար, դպրոցի գումարները չեն ուղղվում տվյալ դպրոցի կարիքներին, այլ ստանդարտացված ինչ-որ բյուջե է կազմվում տվյալ դպրոցի համար:

- Եթե դպրոցը ներառական չէ, կարո՞ղ է արդյոք երեխային չընդունել դպրոց կամ հատուկ ուշադրություն չդարձնել նրա կրթական կարիքներին:

- Շատ հաճախ մեզ դիմում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողները, ասում են` քանի որ իմ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ես դիմել եմ մեր տան մոտ գտնվող դպրոց, պատասխանել են` ներառական կրթություն չեն իրականացնում, դիմե´ք ներառական կրթություն իրականացնող դպրոց: Եթե հարցը դիտարկում ենք իրավունքի տեսանկյունից, դպրոցն իրավունք չունի երեխային չընդունելու, որովհետև 1999-ին ընդունված «Կրթության մասին» օրենքը շատ հստակ ասում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ծնողը ազատ է իր երեխայի համար ուսումնական հաստատություն ընտրելու հարցում: Մյուս կողմից` դպրոցի ընդունելության կարգն ասում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան հանրակրթական դպրոց ընդունվում է ընդհանուր հիմունքներով: Խնդիրը մի քիչ այլ է: Եթե տվյալ տարածքում կա ներառական կրթություն իրականացնող դպրոց, թերևս ցանկալի է, որ երեխան հաճախի ներառական դպրոց, որովհետև կարող են արձագանքել երեխայի կարիքներին, որովհետև հաճախ հանրակրթական դպրոցը երեխային ընդունում է, գիտեք` դպրոցները ֆինանսավորվում են ըստ երեխաների թվի, և սկզբունքորեն դպրոցն ուզում էլ է այդ երեխային ընդունել, բայց երեխայի կրթությունը սոցիալականացման մակարդակից այն կողմ չի գնում, որովհետև մասնագետներ չունեն, ուսուցիչները վերապատրաստված չեն, չեն կարողանում երեխայի կրթությունը իրապես լիարժեք կազմակերպել: Այդ պարագայում մենք ծնողներին կարող ենք խորհուրդ տալ, որ իրենք երեխաների համար ընտրեն մի քիչ ավելի հեռու գտնվող, բայց ավելի կոմպետենտ դպրոց: Բայց եթե դա գյուղական դպրոց է, կամ ծնողը այդուհանդերձ ասում է` ո´չ, ինձ հարմար է այս դպրոցը, իմ ավագ երեխան հաճախում է այդ դպրոցը, ինձ հարմար է երեխային բերել, այդ դեպքում դպրոցը պարտավոր է ընդունել երեխային:

Ավելին ասեմ` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով պարտադրվում է ցանկացած ուսումնական հաստատության կամ ցանկացած հաստատության խելամիտ պայմանների ստեղծումը այն բոլոր հասարակական վայրերում, որտեղ հայտնվում է հաշմանդամություն ունեցող անձը` նրա ներառումը հասարակություն, սոցիալական միջավայր ապահովելու համար:

- Պարտադի՞ր է արդյոք, որ երեխայի հաշմանդամությունը ճանաչված լինի, որպեսզի նա ընդգրկվի ներառական կրթության ծրագրում:

- Ամենևին պարտադիր չէ, որ հաշմանդամություն ունեցող երեխան գրանցվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ցուցակում և հակառակը: Շատ հաճախ տարբեր հաշմանդամություն ունեցող երեխաներ (ասենք` օրգան-համակարգերի հետ կապված հաշմանդամություն` սրտի արատ, իմունային համակարգի կամ սրտանոթային համակարգի ինչ-որ խնդիրներ) ունեն հաշմանդամություն, բայց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք իրենց մոտ մեր կողմից չի ճանաչվում: Վերջին հաշվով կրթության առանձնահատուկ պայմանների կարիքն ի՞նչ է, այն խնդիրներն են, որոնք արձանագրվում են գնահատման ժամանակ, որոնք ոչ թե արգելում, այլ խոչընդոտում են երեխաներին հանրակրթական ուսումնական ծրագիրը հաղթահարել: Խնդիրների պատճառով երեխան խոչընդոտներ է ունենում: Այս պարագայում է, որ ճանաչվում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը: Այսինքն` մեր գնահատումը հիմնականում հիմնված է մեր ուսումնական ծրագրերի վրա, կախված նրանից, թե ուսումնական ծրագիրը ի´նչ բարդության աստիճանի է, երեխայի համար կարող է ճանաչվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք:

- Ի՞նչ է բազմամասնագիտական թիմը, ո՞րն է դրա գործառույթը:

- Բազմամասնագիտական թիմը մանկավարժների խումբ է, որոնք պետք է օգնեն երեխային հաղթահարելու ուսումնական ծրագիրը: Թիմի անդամներ են` հատուկ մանկավարժը, սոցիալական մանկավարժը, հոգեբանը, իսկ հատուկ մանկավարժ ասված բլոկում կարող են լինել լոգոպեդը, սուրդոմանկավարժը, տիֆլոմանկավարժը, նեղ մասնագետներ` կախված երեխայի ճանաչված կարիքից: Եթե երեխան ունի խոսքի խանգարում, լոգոպեդը պետք է աշխատի, որպեսզի այդ խոսքի խանգարումը հաղթահարվի, կամ եթե երեխան ունի տեսողության խնդիրներ, բնականաբար, տիֆլոմանկավարժի միջոցով պետք է աշխատեն, և այս ամեն ինչը պետք է ամրագրված լինի երեխայի անհատական ուսուցման պլանում: Երբ մենք ասում ենք, որ պետք է օժանդակենք երեխայի ուսումնական ծրագիրը հաղթահարելուն, հենց այնպես բառեր չեն, դա մի ամբողջ ծրագիր է` անհատական ուսուցման պլան: Կարիքների գնահատումը միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատելու, ամրագրելու համար չէ, դա մոնիթորինգ է, որի արդյունքում մենք պետք է զարգացման պլան առաջարկենք: Անհատական ուսուցման պլանը իրականում երեխայի զարգացման պլանի մի մաս է, հոգեբանը, լոգոպեդը, սոցիալական մանկավարժը պետք է տեսնեն իրենց գործունեության ոլորտը տվյալ երեխայի հետ կապված: Քայլ առ քայլ անհատական ուսուցման պլանում պետք է նշվի, թե երեխայի հետ ինչ-որ ժամանակահատվածում ի´նչ աշխատանքներ պետք է կատարվեն, և ենթադրյալ ի´նչ առաջընթաց պետք է արձանագրվի:

Եթե ենթադրյալ առաջընթացը չի արձանագրվում, պետք է վերանայել անհատական ուսուցման պլանը և նոր խնդիրներ դնել, որպեսզի կարողանանք հասնել մեզ համար տեսանելի և չափելի արդյունքների: Իրականում մեծ հաշվով տեսանելի արդյունքը (եթե երեխան մտավոր լուրջ խնդիրներ չունի) հանրակրթական ուսումնական ծրագրի հաղթահարումն է: Եթե երեխան ունի լուրջ մտավոր խնդիրներ, ապա ենթադրյալ առաջընթացը նրա կարողություններին համապատասխան որոշակի արդյունքների արձանագրումն է ուսման մեջ:

Բազմամասնագիտական թիմն օգնում է, աջակցող, օգնող ֆունկցիա ունի: Հիմնական դերակատարումը միշտ մնում է հիմնական մանկավարժներին, առարկայական ուսուցիչներին և ընդհանրապես դպրոցի հիմնական աշխատակազմին, որը բաղկացած է առարկայական ուսուցիչներից: Բազմամասնագիտական թիմը նաև պետք է սերտորեն համագործակցի առարկայական ուսուցիչների հետ, որովհետև այն առաջադրանքը, որ պետք է կատարի երեխան լրացուցիչ պարապմունքների ընթացքում, պետք է բխի այդ երեխայի դասարանի հիմնական ուսումնական պլանից: Առանց համագործակցության ուղղակի աշխատանքը չի ստացվի, չի կարող լոգոպեդը մի բան անել, մայրենիի ուսուցիչը` մեկ այլ բան: Նրանք պետք է շատ խիստ, համագործակցված աշխատեն:

- Ինչպե՞ս է կազմակերպվում երեխայի կրթությունը ներառական դասարանում:

- Որպեսզի երեխան ուսումնական ծրագիրը հաղթահարի, պետք է անընդհատ գտնվի դասարանում: Կարծում եմ` մեր ներառական կրթության կազմակերպման կարգը հաջողված է և մեծ փոփոխությունների կարիք չունի, եթե նույնիսկ մենք անցնում ենք տոտալ ներառման: Համաձայն գործող կարգի` 80% ժամանակահատվածը երեխան պետք է լինի հիմնական դասարանում: Ուսուցիչը պետք է կարողանա իր դասը այնպես պլանավորել, ծրագրել, որ բոլոր երեխաներին հետաքրքիր լինի, դասը լինի մասնակցային, այսինքն` ո´չ կենտրոնանա կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վրա, ո´չ էլ կենտրոնանա կարիք չունեցող երեխաների վրա, և բոլոր երեխաները մասնակցեն դասապրոցեսին: Ուսուցման ակտիվ մեթոդներից այդ առումով շատ հարմար են խմբային մեթոդը, քննարկային մեթոդը, բազում-բազմաթիվ մեթոդներ, ես չեմ ուզում հիմա ուսուցման մեթոդների մեջ խորանալ, որովհետև բոլոր ուսուցիչները լավատեղյակ են, համենայն դեպս, վերապատրաստված են, գիտեն այդ մեթոդների մասին:

Ուրիշ խնդիր է` ինչքանո՞վ են նրանք կարևորում և կիրառում այդ մեթոդները: Շատ հաճախ մեր ուսուցիչները սիրում են ներկայացնել գերազանցիկ աշակերտներին, երբ մենք դասալսման ենք գնում, ասենք` երեխան ինչքան բան գիտի, շատ հաճախ էլ լսում ենք, թե ուսուցիչն ինչքան բան գիտի: Մենք գիտենք, որ ուսուցիչները շատ բան գիտեն, շատ կարևոր է ոչ թե այն, թե այդ շատ բանը ուսուցիչը ինչպե´ս է փոխանցում աշակերտին, այլ թե ինչպե´ս է աշակերտի մեջ ուսման հանդեպ հետաքրքրություն արթնացնում: Այսօր ուսուցիչների հիմնական գործառույթը դա է` սովորելու նկատմամբ երեխաների հետաքրքրությունը ակտիվացնել: Փառք Աստծո, տեղեկատվական աղբյուրներ շատ-շատ կան, և եթե երեխան որևէ հարցով հետաքրքրված է, առանց նսեմացնելու ուսուցիչների գիտելիքները, կգնա ու կգտնի բազում-բազմաթիվ աղբյուրներից իրեն հետաքրքրող տեղեկությունը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար մի քիչ ավելի դժվար է: Եթե երեխան մտավոր խնդիրներ ունի, ուսուցչի համար մի փոքր դժվար է այնպես անել, որ այդ երեխան ձգտի սովորելու: Այսինքն` դասը, դասի պլանը պետք է այնպես կազմել, որ երեխայի հնարավորությունից մեկ-երկու աստիճան բարձր սանդղակ դրվի, որ երեխան հետաքրքրվի, ոչ թե միանգամից մերժի ու ասի` չէ´, ես դա չեմ կարող, ընդհանրապես չեմ հասկանում` ինչի´ մասին է խոսում: Դա էլ կարող է լինել: Այդ առումով մի քիչ դժվարանում է ուսուցչի գործը դասի պլանը կազմելիս:

Ես մոռացա խոսել շատ կարևոր մարդու` ծնողի մասին: Բազմամասնագիտական թիմի անդամ է ծնողը: Միշտ պետք է ծնողին հարցնել, թե երեխան ինչո´վ է հետաքրքրվում, ինչպե´ս կարելի է շարժել նրա հետաքրքրությունը: Եթե երեխան սիրում է միրգ, մրգի միջոցով կարելի է թվաբանական գործողություններ երեխային առաջարկել: Շատ զարմանալի հետազոտություն է (ես մեր բոլոր ուսուցիչներին ասում եմ). մտավոր խնդիրներ ունեցող երեխաները շատ հեշտ են սովորում փողով հաշվել, ընդ որում` պարտադիր չէ, որ նրանք այդ դրամը ճանաչեն թվային, նրանք ճանաչում են գույնով: Մեր դրամները գունեղ են, ընդհանրապես աշխարհի բոլոր թղթադրամները որոշակի ներկայացուցչականություն ունեն:

- Արդյոք պարտադիր առարկաները խոչընդոտո՞ւմ են երեխայի ներառումը:

- Հմտություններ ձևավորող առարկաների մասին` ֆիզիկական կուլտուրա, շախմատ, երգ-երաժշտություն, պար, որը նոր պետք է մտնի դպրոց, ես կարծում եմ` սրանք այն առարկաներն են, որոնց ժամանակ ավելի հեշտ է ներառումը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար, որովհետև այս առարկաներն առանձնապես մեծ ինտելեկտուալ լարում չեն պահանջում: Թեթև հանձնարարությունների պարագայում բոլոր երեխաներն էլ կարողանում են երգել, պարել և ֆիզիկական որոշակի վարժություններ կատարել:

ՀՀ բոլոր դպրոցներին բաժանել ենք ֆիզկուլտուրայի ուսումնական ծրագրեր, և բնավ պարտադիր չէ, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան նույնանա հաշմանդամություն ունեցող երեխայի հետ: Ֆիզիկական կուլտուրայի ծրագրերը մենք ավելի շատ առողջական խմբերով ենք բաժանել երեխաներին` կախված նրանց ֆիզիկական հնարավորություններից: Առողջական 4 խումբ գոյություն ունի`1-ին, 2-րդ, 3-րդ և բժշկական խումբ: Բոլոր խմբերի համար առաջարկվել են առանձին ծրագրեր: Ֆիզկուլտուրայի բոլոր ուսուցիչները վերապատրաստված են, նրանց տրամադրված են ուղեցույցներ` ինչպես վարել ֆիզկուլտուրան:

Պարտադիր չէ, որ ֆիզկուլտուրայի նախապատրաստական խմբում, որ ավելի թույլ պահանջներ է դնում երեխաների առաջ, հայտնվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան: Այս խմբում կարող են հայտնվել առողջական որոշակի խնդիր ունեցող երեխաներ:

Չկա դպրոցում առարկա, որին չպետք է մասնակցի որևէ աշակերտ: Նույնիսկ ավագ դպրոցի համար մեր մշակած ուսումնական ծրագրերը ըստ բնագավառների են մշակվել, այսինքն` ֆիզիկա, քիմիա, կենսաբանությունը համախմբվել են բնագիտություն առարկայախմբի մեջ, և բավականաչափ մատչելի բնագիտական գիտելիքների պահանջ է դրվել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:

Ուզում եմ խոսել «խելամիտ հարմարեցումներ» բառակապակցության մասին: Գիտեք, շատ հաճախ, երբ խոսում ենք դպրոցների ուսուցիչների հետ, ասում են` բա սա ո՞նց անենք, այնինչը ո՞նց անենք, բայց հնարավոր չէ ամեն ինչի համար ուղեցույց մշակել, ուղղակի անհնար է:

Բոլոր մարդիկ տարբեր են, բոլոր մարդիկ առանձնահատուկ են, ունեն տարբեր կարիքներ: Ընտանիքում էլ 2-3 երեխա` բոլորը տարբեր են, և ծնողները ամեն երեխայի դաստիարակության պարագայում որոշակի հնարքներ են կիրառում: «Հնարք» բառից չեմ ուզում խուսափել:

Այդպես էլ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպումն է: Խելամիտ պայմանները շատ լավ են, ու երբ թիմը իսկապես աշխատում է և ճիշտ է աշխատում, բոլորը նստում են, խելք խելքի են տալիս, թե տվյալ երեխայի համար խելամիտ պայմանը ո´րն է, ոչ թե սպասում են, որ նախարարությունն ասի` այ այսպես պետք է անեք, իսկ նախարարությունում նստած մարդը չի կարող ճանաչել այդ երեխայի բոլոր կարիքները: Մի մեխանիզմը նույն կարիքով երեխաներից մեկի դեպքում աշխատում է, մեկ այլ դեպքում չի աշխատում, որովհետև երեխաներն ունեն տարբեր հետաքրքրությունների շրջանակ: Ամենակարևորը երեխաների հետաքրքրությունների շրջանակն ամրագրելն է: Երեխայի հետագա կրթությունը պետք է կառուցված լինի ոչ թե նրա անկարողությունների, խնդիրների հիմքի վրա, այլ երեխայի հետաքրքրությունների շրջանակի:

Սույն տեսանյութը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։ Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակների և պարտադիր չէ, որ արտահայտեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեսակետները և քաղաքականությունը։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.