accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Հայկ Սմբատյան

ԼՐԱԳՐՈՂ | ԲԼՈԳԵՐ | Սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։

«Հավասար» ընտրական իրավունքը Արմավիրում և Իջևանում

0

Մարտի 15-ին Հայաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի` տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամություն ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:

Թե որո´նք են այդ միջոցները և ինչպե´ս են դրանք ձեռնարկվել մասնավորապես Արմավիրում և Իջևանում, արդյոք տեղյա՞կ են՝ հաշմանդամություն ունեցող քանի ընտրող է եղել, փորձեցինք պարզել ՏԻՄ-երից:

Արմավիրի քաղաքապետարանի ընդունարանի աշխատակցի հետ զրույցից պարզ դարձավ, որ քաղաքապետարանը չի տիրապետում հաշմանդամություն ունեցող ընտրողների որևէ թվի։ «Մենք էս պահին ունենք համայնքի տեղեկատվական բազան թարմացնելու խնդիր. նույն խնդրով մենք սոցապ [նկատի  ունի` աշխատանքի և  սոցիալական հարցերի  նախարարություն] հարցում ենք արել, և սոցապը Երևանից պետք է անցած տարվա ինֆորմացիան ամբողջական ունենա, մեզ տրամադրի. մենք էս պահին սպասում ենք սոցապի պատասխան գրությանը»,- հայտնեց աշխատակիցն ընտրություններից մեկ օր անց։ Այն հարցին, թե Արմավիր քաղաքի ընտրական տեղամասերում ի՞նչ հարմարություններ են ստեղծված տեղաշարժման և տեսողության խնդիրներ ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար, քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանեց, որ չգիտի, թե որ տեղամասերում կան հարմարություններ, բայց վերակառուցումների ժամանակ, նոր նախագծերում թեքահարթակները նախատեսվում են և ավելացրեց. «Տեսողության հետ կապված, դա վստահ կարող եմ ասել, որ ընտրության օրը հանձնաժողովից խոշորացույցներ են տրամադրվել, որ ովքեր որ տեսողական խնդիրներ ունեն, ազատորեն կարող էին օգտվել էդ հնարավորությունից։ Իսկ կույր լինելու դեպքում քաղաքացին կարող էր իր վստահված մարդուն տանել՝ իր հորդորմամբ, և իր քվեարկությունն իրականացնել»։

Արմավիրի «Արևի շող» ՀԿ շահերի պաշտպանության պատասխանատու Արտյոմ Սահակյանը, ով տեղաշարժվում է սայլակի օգնությամբ, հայտնեց, որ ինքը չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին և, հավանաբար, մոտ ապագայում չի մասնակցի, քանի որ, իր խոսքով, Արմավիրում հաշմանդամություն ունեցող անձը դեռ «մարդահաշիվ» չէ` հավելելով, որ քաղաքապետարանը «թեքահարթակների հարցով զբաղվել» ասելով՝ երևի նկատի է ունեցել ընտրատեղամասում մի քանի մարդ կանգնեցնելը, ովքեր անվասայլակով մարդուն կգրկեն և կբարձրացնեն շենքի մուտքի մոտ։

Իսկ Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ Իջևանի քաղաքապետարանը առհասարակ չի տիրապետում ո´չ ընտրական իրավունք ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակին և ո´չ էլ տեղաշարժման կամ տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար անհրաժեշտ հարմարություններին։

Մեր հարցումը երկու քաղաքներից ցույց տվեց, որ ՏԻՄ-երն ամբողջությամբ չեն տիրապետում իրենց համայնքում ապրող այն ընտրողների տվյալներին, որոնք հաշմանդամություն ունեն, հետևաբար, չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ հարմարություններ պետք է ստեղծեն, օրինակ, տեղաշարժման կամ տեսողության խնդիրներ ունեցող անձանց ընտրության իրավունքը չխախտելու համար։

«Ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն»` արձանագրում է ՀՀ ընտրական օրենսգիրքը, սակայն կյանքն այլ բան է ցույց տալիս։

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.