ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ո՞վ է համարվում հաշմանդամություն ունեցող անձ:

Հաշմանդամություն ունեցող անձինք ներառում են այն անձանց, որոնք ունեն երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական դժվարություններ, որոնք, տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում արգելակում են նրանց լիակատար և արդյունավետ մասնակցությունը հասարակության կյանքում` մյուսների հետ հավասար:
*Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա

Հաշմանդամություն ունեցող քանի՞ մարդ է ապրում Հայաստանում:

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2014 թ. տարեվերջին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է եղել հաշմանդամություն ունեցող 198,619 անձ։ Նրանցից 94,902-ը կանայք են։ Երևանում ապրում է հաշմանդամություն ունեցող 61,325 մարդ:

Ի՞նչ իրավունքներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք:

Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն իրավունքները, ինչ բոլոր մյուս մարդիկ: Որևէ օրենք կամ կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց համար չի սահմանում նոր իրավունքներ:

Կա՞ որևէ օր՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց:

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1992 թվականին՝ կոչ անելով անդամ պետություններին քայլեր ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառելու համար:

Ի՞նչ է համընդհանուր դիզայնը:

«Համընդհանուր դիզայն» նշանակում է ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որը դրանք առավելագույնս օգտագործելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց շտկումների ու մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության: «Համընդհանուր դիզայնը» չպետք է բացառի օժանդակ հարմարանքները հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար, եթե դրա անհրաժեշտությունը կա:
*Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա

Ո՞վ է պաշտպանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ինչ անել, եթե ոտնահարվել են դրանք:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը ապահովվում է պետության կողմից դատական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով: Նրանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթակա են պատասխանատվության` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները կարող են դիմել նաև իրենց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԶԼՄ-ներին:

Ո՞վ է ճանաչում անձի հաշմանդամությունը:

Անձի հաշանդամությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը և տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները /ԲՍՓՀ/: Հանրապետությունում գործում է բժշկասոցիալական փորձաքննական 25 հանձնաժողով, որից 3-ը մասնագիտացված` ակնաբանական, հոգեբուժական և մանկական:

Ինչպե՞ս է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննությունը` անձի հաշմանդամությունը ճանաչելու համար:

Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննվողի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող ԲՍՓՀ-ն: Բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու համար անձը հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի գրավոր դիմում և իր անձնագիրը: Այն դեպքում, երբ քննվող անձը ինքնուրույն չի կարող ներկայացնել փաստաթղթերը, ապա դա կարող է անել նրա ներկայացուցիչը: Եթե դիմումատուն ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաև իր անձնագիրը: Մինչև 16 տարեկան երեխաների համար ներկայացվում է ծննդյան վկայականը, ծնողներից մեկի կամ խնամակալի /հոգաբարձուի/ անձնագիրը:
Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, առողջության վիճակը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում` նաև անձի բուժումը կամ բուժսպասարկումն իրականացնող բժշկական կազմակերպության ուղեգիր /88 ձև/, որտեղ նշվում է քննվող անձի ախտորոշումը, կիրառված բուժական, վերականգնողական միջոցառումների արդյունքները:
Եթե անձը, ելնելով առողջական վիճակից, չի կարող ներկայանալ փորձաքննության անցկացման վայր և դրա մաuին նշել է դիմումում, ապա հանձնաժողովը բժշկաuոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում (բնակության վայր կամ հիվանդանոց):

Ինչպե՞ս է իրականացվում հաշվառում չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:

Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

Ինչպե՞ս է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի բժշկասոցիալական փորձաքննությունը, եթե նա բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Եթե հաշմանդամություն ունեցող անձը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամություն ունեցող անձը գտնվում է բուժման մեջ:

Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետում է հաշմանդամությունը չճանաչելու մասին որոշումը հանձնվում անձին:

Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձի հաշմանդամությունը չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

Ի՞նչ կարգավիճակ է սահմանվում անձին բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում:

Բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովի կողմից «հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչված անձին սահմանվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ, իսկ մինչև 18 տարեկան երեխաներին` «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ:

Ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն:

1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

Ե՞րբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:

Հաշմադամություն ունեցող անձի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաև նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:

Ո՞ր դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ`
ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց, բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքում, որը հետևանք է անդառնալի կառուցվածքային փոփոխություններով և օրգանիզմի օրգանների և օրգան-համակարգերի ֆունկցիաների սահմանափակմամբ առողջության վատացմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամություն ունեցող անձի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում):

ՀԱՇՄԱՆԴԱՄՈւԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ՆՊԱՍՏ, ՕԳՆՈւԹՅՈւՆ

Ինչպե՞ս է իրականացվում հաշմանդամության կենսաթոշակի վճարումը հաշմանդամության խումբը փոխելու դեպքում:

Հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում կենսաթոշակը նոր չափով վճարվում է այդ հանգամանքի առաջացման ամսին հաջորդող ամսվա 1-ից:

Մինչև ե՞րբ է վճարվում կենսաթոշակը, եթե բժշկասոցիալական վերափորձաքննությամբ անձի հաշմանդամությունը չի ճանաչվել:

Բժշկասոցիալական վերափորձաքննությամբ անձի հաշմանդամությունը չճանաչվելու դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչև հաշմանդամության ժամկետը լրանալու ամսվա վերջը:

Ի՞նչ կարգով է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի թաղման նպաստի վճարումը:

Թաղման նպաստ վճարվում է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով (200.000 դր.): Այն վճարվում է դիմումը և համապատասխան փաստաթղթերը հաշմանդամություն ունեցող անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում սոցիալական ապահովության տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում: Գումարը վճարվում է դիմումը ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

ԲԺՇԿԱԿԱՆ, ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Ինչպիսի՞ միջոցառումներ է ներառում հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը:

 Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնումը ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված են անձի կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորինս փոխհատուցմանը (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցներ): Վերականգնողական միջոցառումները իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձի առողջության, աշխատունակության և սոցիալական կարգավիճակի վերականգնման նպատակով, որը նպաստում է անձի նյութական և սոցիալական անկախությանը, հասարակական կյանքին համակողմանի մասնակցությանը և իրավահավասարությանը:

Ի՞նչ է հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:

Վերականգնողական անհատական ծրագրում uահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեuակները և ժամկետները, սոցիալական oգնության տեuակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպեu նաև գործունեության uահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեuակները: Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձի հաշմանդամությունը ճանաչելու նույն օրը: ՎԱԾ-ը 10-օրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն:
Հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոց առման տեuակից, ձևից և ծավալից, ինչպեu նաև ամբողջ ծրագրի իրականացումից:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ ստանալու համար:

Անձը պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն` ներկայացնելով
-անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական և նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը), -համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, -հաշմանդամություն ունեցող անձինք առաջին անգամ դիմելու դեպքում` նաև վերականգնողական անհատական ծրագիր, -լսողական սարք ստանալու համար` նաև սուրդոլոգի եզրակացությունը, -աչքի և ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
Պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցները  տրամադրվում են անվճար:

Ու՞մ և ի՞նչ ժամկետով է անվճար տրամադրվում անվասայլակ:

Առաջին խմբի հաշմանդամություն ունեցողներին և մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաներին վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան տրամադրվում է սայլակ:
Հաշմանդամություն ունեցող անձին սայլակը տրամադրվում է 3 տարի ժամկետով:

Ո՞ւմ է տրամադրվում անվճար դեղորայք:

Հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ունեցողները և հաշմանդամություն ունեցող երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցողները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Մանրամասն կարող եք ընթերցել այստեղ:

Ու՞մ է անվճար տրամադրվում լսողական սարք:

-հաշմանդամություն ունեցող անձանց` վերականգնողական անհատական ծրագրի և սուրդոլոգի եզրակացության հիման վրա,
-տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց` սուրդոլոգի եզրակացության հիման վրա,
-մինչև 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի եզրակացության հիման վրա:

Ովքե՞ր ունեն դեղորայքից անվճար օգտվելու իրավունք:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ունեն անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով դեղորայք ստանալու իրավունք:

Ի՞նչ ծառայություններ են տրամադրվում հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում:

Տնային պայմաններում միայնակ բնակվող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց կամ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց բաղկացած ընտանիքներին, որոնց կազմում չկան չափահաս, աշխատունակ անդամներ, տրամադրվում են կենցաղային և առաջնային բժշկական օգնություն, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն:

ԿՐԹՈւԹՅՈւՆ

Ի՞նչ արտոնություններ ունեն հաշմանդամություն ունեցողները ուսումնական հաստատություն ընդունվելիս:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամություն ունեցողները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

Ե՞րբ է հաշմանդամություն ունեցող անձը ուսումնական հաստատության անվճար համակարգից տեղափոխվում վճարովի համակարգ:

Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո հաշմանդամությունը վերաճանաչվել:

Ո՞ր դեպքում է անձը ուսումնական հաստատության վճարովի համակարգից տեղափոխվում անվճար համակարգ:

Պետական բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ ստանալու կամ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամությունը ճանաչվելու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:

ԶԲԱՂՎԱԾՈւԹՅՈւՆ

Ի՞նչ աշխատանքային երաշխիքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը:

Աշխատանքի ընդունելիս հաշմանդամություն ունեցող անձի համար փորձաշրջան չի սահմանվում:
Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամություն ունեցող անձի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկասոցիալական փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառնում է այլ անձանց առողջությանը և աշխատանքի անվտանգությանը: Ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնում ստացող անձանց:
Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

Ի՞նչ աշխատաժամանակ է սահմանվում 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: