FAQ

Ո՞վ է համարվում հաշմանդամություն ունեցող անձ:

Հաշմանդամություն ունեցող անձինք ներառում են այն անձանց, որոնք ունեն երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան, մտավոր և զգայական դժվարություններ, որոնք, տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում արգելակում են նրանց լիակատար և արդյունավետ մասնակցությունը հասարակության կյանքում` մյուսների հետ հավասար:
(Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա)

Ո՞վ է ճանաչում անձի հաշմանդամությունը:

Անձին հաշմանդամությունը ճանաչում են միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) և տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները` ԲՍՓՀ :

Հաշմանդամություն ունեցող քանի՞ մարդ է ապրում Հայաստանում:

2014 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 195.500 անձ, այդ թվում 8120 երեխա: Մանրամասն՝ այստեղ:
(ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն)

Ի՞նչ իրավունքներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք:

Հաշմանդամություն ունեցող անձինք ունեն նույն իրավունքները, ինչ բոլոր մյուս մարդիկ: Որևէ օրենք կամ կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց համար չի սահմանում նոր իրավունքներ:

Ի՞նչ աշխատանքային երաշխիքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը:

Աշխատանքի ընդունելիս հաշմանդամություն ունեցող անձի համար փորձաշրջան չի սահմանվում: Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով անձի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկասոցիալական փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարումը կամ սպառնում է այլ անձանց առողջությանը և աշխատանքի անվտանգությանը: Ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնում ստացող անձանց:
Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամություն ունեցող անձինք օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

Կա՞ որևէ օր՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց:

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Այն հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 1992 թվականին՝ կոչ անելով անդամ պետություններին քայլեր ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառելու համար:

Ի՞նչ է համընդհանուր դիզայնը:

«Համընդհանուր դիզայն» նշանակում է ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որը դրանք առավելագույնս օգտագործելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց շտկումների ու մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության: «Համընդհանուր դիզայնը» չպետք է բացառի օժանդակ հարմարանքները հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար, եթե դրա անհրաժեշտությունը կա:
(Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա)

Ո՞վ է պաշտպանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ինչ անել, եթե ոտնահարվել են դրանք:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությունը ապահովվում է պետության կողմից դատական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով:
Նրանց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ոտնահարման մեջ մեղավոր պաշտոնատար անձինք և քաղաքացիները ենթակա են պատասխանատվության` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները կարող են դիմել նաև իրենց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպություններին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԶԼՄ-ներին:

Ի՞նչ արտոնություններ կան ԲՈՒՀ-ում սովորելու համար:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամները այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական հաստատություններ:
Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամների ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, անհրաժեշտ առաջադիմության դեպքում, վճարվում է կրթաթոշակ՝ անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:
(Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենք http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1784#2)

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի հաշմանդամություն ունեցող դիմորդը բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս:

1-ին և 2-րդ խմբերի, ինչպես նաև մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձը միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար պետք է դիմում-հայտի հետ միասին ներկայացնի
1. լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).
2. 6 լուuանկար (3 x 4 uմ չափuի).
3. հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթի պատճենը (տրված բժշկաuոցիալական փորձաքննության գործակալության կողմից)
4. անձը հաuտատող փաuտաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական, փախuտականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական):
Բացի հաշմանդամությունը հաստատող փաստաթղթից, ուրիշ բժշկական երաշխավորագրեր փաստաթղթեր չեն պահանջվում:
Վերը նշված դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից:
(ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ 2013)

Ո՞ւմ դիմել, եթե անձը սայլակի կամ վերականգնողական սարքի կարիք ունի:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով հաշմանդամություն ունեցող անձիք ունեն հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) անվճար ստացման և նորոգման իրավունք:
(Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենք http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1784#2)

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել սայլակ ստանալու համար:

Մինչև 18 տարեկան անձը պետք է ունենա հաշմանադմություն ունեցող երեխայի կարգավիճակ, ներկայացնի վերականգնողական անհատական ծրագիր եւ ծննդական (կամ անձնագիր):
18-ից բարձր անձը պետք է ներկայացնի իր հաշմանդամության խումբը հաստատող փաստաթուղթ (առաջին խումբ)՝ տրված բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, վերականգնողական անհատական ծրագիրը եւ անձնագիրը:
Վերը նշված փաստաթղթերը անձը պետք է ներկայացնի «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ, որպեսզի ստանա սայլակ: Իսկ եթե հաշմանդամություն ունեցող անձի փոխարեն փաստաթղթերը ներկայացնում է մեկ այլ անձ (ընտանիքի անդամը, հարազատը), ապա նա նույնպես պետք է ներկայացնի իր անձնագիրը սայլակը վերցնելու համար:

Ի՞նչ փաստաթղթեր և ու՞ր պետք է ներկայացնի լսողության խնդիրներ ունեցող անձը լսողական սարք ստանալու համար:

Մինչեւ 18 տարեկան անձը պետք է ունենա հաշմանդամ երեխայի կարգավիճակ, ներկայացնի աուդիոգրամայի փաստաթուղթ, բժշկական ստուգման թուղթ եւ ծննդական (կամ անձնագիր):
18 տարեկանից բարձր անձը պետք է ներկայացնի իր հաշմանդամության խումբը հաստատող փաստաթուղթ, վերականգնողական անհատական ծրագիր, բժշկական ստուգման թուղթ, աուդիոգրամայի փաստաթուղթ եւ անձնագիր:
63-ից բարձր անձիք կարող են ստանալ լսողական սարք նաև առանց հաշմանդամության խումբ և վերականգնողական անհատական ծրագիր ունենալու, եթե նրանք լսողական խնդիրներ ունեն և սարք ստանալու ահրաժեշտություն:
Մինչեւ 30 տարեկան անձիք եվրոպական լսողական սարքեր ստանալու համար վերը նշված փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Կինդ-Արտ», «Արֆա-Մեդ», եւ «ՍՎՍ Մեդիկալ» ՍՊԸ-ներին:
Իսկ 30-ից բարձր անձիք, ովքեր ստանում են ռուսական արտադրության սարքեր, վերը նշված փաստաթղթերը պետք է ներկայացնեն «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ին:
Մանրամասն կարող եք ընթերցել այստեղ:

Ո՞ւմ է տրամադրվում անվճար դեղորայք:

Հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ունեցողները և հաշմանդամություն ունեցող երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ հաշմանդամության 3-րդ խումբ ունեցողները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից:
Մանրամասն կարող եք ընթերցել այստեղ:

Ի՞նչ երաշխիքներ կան բժշկական եւ առողջարանային սպասարկման ոլորտում։

Հաշմանդամություն ունեցող անձանց երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկանան օգնություն պետական բժշկական հիմնարկներում:
Նրանք իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում եւ դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր եւ մասնագիտացված տիպի առողջարաններում՝ առողջարանային բուժմամբ:
ԲԱՓՀ-ի եզրակացության համաձայն հաշմանդամների առողջարանային բուժման ուղեգրեով ապահովումը կատարվում է անվճար:
(Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենք http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1784#2)