accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Մուշեղ Հովսեփյան

Ինչո՞ւ է ՀՀ-ն խուսափում Կամընտիր արձանագրությունը վավերացնելուց

0

Ի՞նչ է Կամընտիր արձանագրությունըՀայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ստորագրեց Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և կամընտիր արձանագրությունը։ Սակայն 2010 թվականի սեպտեմբերի 22-ին վավերացրեց միայն Կոնվենցիան։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, ինչպես իրավական պարտադիր բնույթ ունեցող մարդու իրավունքների բոլոր միջազգային համաձայնագրերը, ունի մշտադիտարկման բաղադրիչ:

Մշտադիտարկման նպատակը  Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրառմանը նպաստելն է, անհատական բողոքներ ներկայացնելու իրավունք և հաշվետվողականություն ապահովելը։

Միջազգային մակարդակում կոնվենցիայի մշտադիտարկումը ապահովում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեն: Հենց Կոմիտեն է քննարկում մասնակից պետությունների կողմից պարբերաբար ներկայացվող զեկույցները և դրանց հիման վրա աշխատում է պետությունների հետ, կատարում է ամփոփիչ դիտարկումներ, առաջարկություններ ներկայացնում:

Մշտադիտարկման մեխանիզմներից մեկն է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որը կարգավորում է հարցեր, որոնք հենց կոնվենցիայով բավարար չեն կարգավորվում: Այն հիմնականում բաց է վավերացման կամ միացման համար միայն այն պետությունների համար, որոնք մայր կոնվենցիայի մասնակից են: Սակայն, այն «կամընտիր» է այն իմաստով, որ պետությունները պարտավոր չեն դառնալ արձանագրության անդամ, եթե նույնիսկ մայր կոնվենցիայի մասնակից են:

Եթե Հայաստանի Հանրապետությունը վավերացնի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, ապա կպարտավորվի հաշվի առնել վերապահումները, Կոմիտեի մեկնաբանություններն ու հայտարարությունները:

Կամընտիր արձանագրության վավերացումը հնարավորություն կտա Կոմիտեին մոնիթորինգ իրականացնել երկու եղանակով՝ անհատական հաղորդման և հետաքննության ընթացակարգերով:

Անհատական-հաղորդման-ընթացակարգ

Անհատական հաղորդման ընթացակարգը հնարավորություն է տալիս անհատներին և խմբերին բողոքներ ներկայացնել կոմիտեին այն մասին, որ երկիրը խախտել է կոնվենցիայով նախատեսված իր պարտավորություններից որևէ մեկը։

Ըստ ընթացակարգի՝ հաղորդումը ստանալուց հետո Կոմինտեն քննարկում է գանգատը, ձևակերպում իր տեսակետներն ու առաջարկությունները և գաղտնի ուղարկում է դրանք պետությանը։ Պետությունը վեց ամսվա ընթացքում ներկայացնում է պարզաբանում և ցույց է տալիս փաստարկներ։ Բողոքող անհատին ևս տրվում է դրանք մեկնաբանելու հնարավորություն։ Արդյունքում Կոմիտեն առաջարկում է պետությանը ձեռնարկել լրացուցիչ միջոցներ պաշտպանելու բողոքողի իրավունքները։

Անհատական հաղորդման ընթացակարգերը հիմնականում գրավոր են: Ո՛չ բողոք ներկայացնողը, ո´չ էլ պետությունն անձամբ հանդես չեն գալիս Կոմիտեի առաջ, բոլոր առաջարկությունները կատարվում են գրավոր: Սակայն ոչ բոլոր հաղորդումներն է Կոմիտեն ընդունում: Դրանք մերժվում են, երբ անանուն են, խախտում են Կոնվենցիայի դրույթները կամ անհամատեղելի են, նույն բողոքը քննարկվել է Կոմիտեի կողմից, բոլոր ներպետական միջոցները չեն սպառվել, բավարար հիմքեր չկան, և երբ վկայակոչված փաստերը տեղի են ունեցել մինչև կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:

Հետաքննության ընթացակարգԵրբ Կոմիտեն ստանում է հավաստի տեղեկություն, որ մասնակից պետությունը թույլ է տվել կոնվենցիայի դրույթների կոպիտ կամ պարբերաբար խախտումներ, կարող է հրավիրել պետությանը համագործակցելու այդ տեղեկատվության քննարկման հարցում: Կոմիտեն կարող է իր մեկ կամ մի քանի անդամների նշանակել՝ շտապ հետաքննություն վարելու և զեկույցներ պատրաստելու համար: Դա կարող է ենթադրել այցելություն այդ երկիր:

Հետաքննության բացահայտումները քննարկելուց հետո Կոմիտեն բացահայտումները մեկնաբանություններով հանդերձ փոխանցում է պետությանը, որը վեցամսյա ժամկետում պետք է ներկայացնի իր դիտարկումները: Հետաքննությունը նույնպես իրականացվում է գաղտնի:

Վեց ամիսը լրանալուց հետո պետությանը հրավիրում են մասնավորեցնելու, թե ինչ քայլեր է ձեռնարկել հետաքննությանը պատասխանելու համար:

Կամընտիր արձանագրությունը վավերացրած պետությունը կարող է շրջանցել հետաքննության ընթացակարգը: Արձանագրությունը ստորագրելու, վավերացնելու կամ դրան միանալու ժամանակ պետությունը կարող է հայտարարել, որ չի ճանաչում Կոմիտեի՝ հետաքննություն իրականացնելու իրավունքը: Նման հայտարարություն արել է Սիրիայի Արաբական Հանրապետությունը: Ինչևէ, անդամ պետությունները պարտավոր են ընդունել անհատական հաղորդման ընթացակարգը:

Ինչու՞-է-ՀՀ-ն-խուսափում-Կամընտիր-արձանագրությունը-վավերացնելուցՀայաստանի Հանրապետության` վավերացումից խուսափելու գլխավոր պատճառը կարող է լինել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների թերի իրականացումը: Հայաստանը դեռևս չի իրականացրել անհրաժեշտ բոլոր գործողությունները, ներառյալ օրենսդրության ընդունումը, փոփոխելու կամ չեղյալ հայտարարելու գործող այն օրենքները, կանոնակարգերը, սովորույթներն ու գործելակերպը, որոնցում առկա է խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:

Կամընտիր արձանագրությունը վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետության անհատները և խմբերը հնարավորություն կունենան անհատական ընթացակարգով հաղորդումներ ներկայացնել Կոմիտեին: Չի բացառվում նաև, որ հաղորդումների թիվը կարող է չափազանց մեծ լինել: Այս գործընթացների կարգավորման համար էլ պետությունը ստիպված կլինի հավելյալ մարդկային և ֆինանսական ռեսուրսներ տրամադրել: Թեև հենց նույն կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է քայլեր ձեռնարկել իր առկա միջոցների առավելագույն չափով (անհրաժեշտության դեպքում օգտվելով նաև միջազգային համագործակցության հնարավորությունից):

Կոմիտեն Գլխավոր ասամբլեային ուղղված իր հանրային զեկուցում հրապարակում է հաղորդումների արդյունքում պետությանը ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, ինչպես նաև հետաքննությունների արդյունքներում ձեռք բերված սեղմագրերը: Կոմիտեն երբեմն էլ կարող է հրապարակել նաև հետաքննության ամբողջ զեկույցը: Սա ևս կարող է չվավերացնելու պատճառ լինել, քանի որ դրա հետևանքով կտրուկ կնվազի Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը և վստահությունը նրա նկատմամբ:

Ե՞րբ է հնարավոր Կամընտիր արձանագրության վավերացումըԻնչպես նշվում է 2012 թ. ՀՀ Կառավարության ներկայացրած սկզբնական համապարփակ զեկույցում, վավերացումը պետական քաղաքականության օրակարգում է և այն կիրականացվի առաջիկա տարիներին՝ պայմանների էական բարելավումից հետո:

Թեև անցել է երեք տարի, և 2016 թվականը ՀՀ-ում հռչակվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի, Կամընտիր արձանագրության վավերացման մասին հարցերին իշխանությունները խուսափում են հստակ պատասխանելուց:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ի պատասխան մեր բանավոր հարցման նշում է նույն պատճառը, ինչ ներկայացվել է վերոգրյալ զեկույցում և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի երկրորդ դիտարկման ժամանակ:

«Ընդհանրապես այդ հարցը քննարկվում է Կառավարությունում: Բավականին աշխատատար գործընթաց է, քանի որ ընդգրկում է մի շարք ոլորտներ: Առայժմ վերջնական եզրակացություն չկա՝ արդյոք մեր պետությունը պատրաստ կլինի՞ 2016 թվականին վավերացնելու Կամընտիր արձանագրությունը, թե՞ ոչ: Կունենանք դրա վերջնական եզրակացությունը, ես կներկայացնեմ»,- նշում է նախարար Արտեմ Ասատրյանը:

Կամընտիր արձանագրությունը վավերացրած երկրներ

2014 թվականի սեպտեմբերի դրությամբ Կամընտիր արձանագրությունը ստորագրվել է 92 և վավերացվել 85 պետության կողմից (Քարտեզը՝ wikipedia.org-ի)

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.