accessible mode Մատչելի տարբերակ

Հեղինակ

Աննա Կարապետյան

Համընդհանուր ներառական կրթություն․ կատարման ենթակա՞, թե՞ հարուստ երկրների երազանք

0

«Իրավական դաշտում մենք լուծել ենք հիմնական խնդիրը։ Այն երազանքը (խմբ.-խոսքը համընդհանուր ներառականության ծրագրի ներդրման մասին է), որի մասին խոսում էինք տարիներ շարունակ, փաթեթավորել ենք որպես օրենք։ Անցյալ տարի Ազգային ժողովի հավանությանն արժանացավ հեղափոխական բնույթի մի օրինագիծ, որով մեր երազանքը դարձրեցինք օրենք»,- այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ ասաց նախարար Արմեն Աշոտյանը։

Կոլեգիայի նիստը կազմակերպվել էր ԿԳ նախարարության և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից՝ քննարկելու համընդհանուր ներառական կրթության անցման ճանապարհին առկա գործընթացները հանրակրթության ոլորտում։ Քննարկմանը ներկա էին ինչպես կոլեգիայի անդամներ, այնպես էլ շահագրգիռ կազմակերպություններ և պետական մարմինների ներկայացուցիչներ։

«Հսկայածավալ աշխատանք իրականացնելուն զուգահեռ բախվում ենք բազմաթիվ խոչընդոտների։ Իհարկե, դրանց մի մասը օբյեկտիվ խոչընդոտներ են՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն երազանքը, որ մենք դրել ենք որպես կատարման ենթակա երազանք, նախևառաջ հարուստ երկրների երազանք է։ Շատ երկրներ, որոնք մեզանից ավելի լուրջ ֆինանսատնտեսական պոտենցիալ ունեն, կրթական համակարգում նման երազանքներ իրենց առջև չեն դրել»,- նշեց Աշոտյանը։

Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը։ Մինչև սույն թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակը ՀՀ Կառավարություն պետք է ներկայացվի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողու­թյուն­ների պլանը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը:

ԿԳ նախարարն ընդգծեց. «Տասը տարին առաջին հայացքից երկար ժամկետ է։ Շատերս տասը տարի հետո քաղաքական պատասխանատվություն չենք կրելու ոլորտում ամրագրված խնդիրներին հասնելու կամ չհասնելու համար, բայց բոլոր դեպքում կրթության ոլորտի բոլոր մասնագետները, հանրային կառույցները պարտավոր են մինչև 2025թամեն տարի անել այն, ինչ պետք է արվի այդ երազանքն ավելի մոտ, մատչելի, տեսանելի ու շոշափելի դարձնելու համար»։

Հանրապետությունում կկիրառվի երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, Երևան քաղաքում՝ առնվազն չորս հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի։ Եթե տվյալ մարզում առկա չէ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, ապա մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կարող է վերակազմակերպվել կամ պատվիրակվել այնպիսի կազմակերպության, որում առկա են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ պայմաններ: Բացի այդ, պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվելու է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից` ՀՀ Կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն (ներկայումս մշակվում է):

Կոլեգիայի նիստի նախորդ օրը ԿԳ նախարարն այցելել է մայրաքաղաքի հատուկ և ներառական դպրոցներ։ Արմեն Աշոտյանը հավաստիացնում է՝ հատուկ դպրոցներում ստեղծված են հնարավոր լավագույն պայմանները երեխաների համար, նախորդ տարիների համեմատ քիչ են նաև այնտեղ գտնվող երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերը, բայց խնդիրը կարծես այդ չէ․ «Այն, որ հատուկ դպրոցներում երեխաները սոված չեն, տաքուկ պայմաններում են քնում և մաքուր միջավայրում են, դեռ չի նշանակում, թե մենք նրանց համար ստեղծել ենք այն ամենը, ինչ պետք է անենք։ Վիզուալ տարբերությունը երեխաների միջև՝ պահվածքի, շարժուձևի, աչքերի փայլի, թույլ է տալիս տեսնել այն տարբերությունը, որ տեսնում ենք, երբ երեխան հայտնվում է հմուտ մանկավարժների և սովորական հասարակության մոդելի իրավիճակում, ինչպիսին հանրակրթական դասարանն է»։

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը նիստում անդրադարձավ այն խնդիրներին, որոնք առկա են համընդհանուր ներառականությանն անցնելու ճանապարհին։ Թադևոսյանի խոսքով՝ վերանայման կարիք ունեն երեխաների գիտելիքների գնահատման չափորոշիչները, հատուկ մանկավարժության ֆակուլտետի դասընթացները և ներառական կրթության դասընթացները կարդացող մասնագետների ներգրավվածության հարցը: ՀԿ նախագահն առանձնացրեց նաև հատուկ մանկավարժների պատրաստման խնդիրը. «Հատուկ մանկավարժների պատրաստման խնդիր ունենք հատկապես ՀՀ մարզերում։ Կարծում եմ՝ լուծումը հնարավոր կլինի, եթե մարզերում գտնվող համալսարաններում ստեղծվեն հատուկ կրթության ամբիոններ, որպեսզի ապահովեն մասնագետների առկայությունը մարզերում, քանի որ Երևանում սովորողներից շատ քչերն են վերադառնում մարզեր»,- ասաց նա։

Ըստ Թադևոսյանի` կա նաև ուսուցիչների վերապատրաստումների մեջ ներառական կրթության հարցեր ներառելու, անհատական ուսուցման պլանի մեթոդական ուղեցույց կազմելու, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման մոտեցումները օրենքի նոր պահանջներին համապատասխանեցնելու խնդիր։

Քննարկումներ ծավալվեցին նաև քաղաքաշինության, կապի և տրանսպորտի ոլորտի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության անհրաժեշտության շուրջ:

Տարածել
* Հրապարակման մեջ սխալներ նկատելու դեպքում նշեք տվյալ բառը կամ նախադասությունը և սեղմեք Shift + Enter:

Comments are closed.