«Փորձարկվեց» Օղակաձև զբոսայգին
Այսօր Օղակաձև զբոսայգում «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունը «Մատչելի քաղաք» ծրագրի շրջանակում տեղաշարժման մատչելիության մշտադիտարկում-ակցիա իրականացրեց, որի ընթացքում սայլակով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող երեխաները, նրանց ծնողներն ու կամավոր հեծանվորդները շրջեցին այգու ողջ տարածքով ու մատչելիությունը սահմանափակող հատվածներում այդ մասին տեղեկացնող պաստառներ փակցրին: «Հայկական ճամբար» ՀԿ ծրագրերի համակարգող Վարդուհի Արամյանը Disabilityinfo.am-ի հետ զրույցում ասում է, որ ակցիայի նպատակը քաղաքապետարանի ուշադրությունը տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց խնդիրներին հրավիրելն է:
«Այգին բավականաչափ խոչընդոտներ ունի, որոնք պետք է վերացնել, ու դա բխում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներից: Այսօրվա մշտադիտարկման արդյունքները, այսինքն` այն խոչընդոտները, որոնք կմատնանշեն մարդիկ, ովքեր խնդրի կրողն են, կփորձենք բարձրաձայնել, հնչեղությունն ավելի բարձրացնել ու իշխանությունների ուշադրությունը հրավիրել դրանց,- նշում է Վարդուհի Արամյանը: - Իհարկե, այստեղ շատ այլ հարցեր կան, օրինակ`այգու որ հատվածը ում է պատկանում, դա հանրայի՞ն տարածքի մի մաս է, թե՞ մասնավոր: Երբ այս հարցերն էլ պարզ լինեն, կփորձենք համագործակցությամբ վերացնել այդ խոչընդոտներն ու այգին մատչելի դարձնել բոլորի համար»:
16-ամյա Արտակ Դավթյանը, որը տեղաշարժվում է սայլակով, համոզված է` ամբողջ այգու ճանապարհը պետք է քանդել, նորից սարքել, թեքահարթակներն էլ ընդհանրապես բանի պետք չեն, ասում է` դրանք հաղթահարելու համար պետք է լեռնագնաց լինել:
«Հարթակի ծայրերը նորմալ չեն, սայլակի դիմացի անիվները փոքր են, ընկնելու հավանականությունը 90 տոկոսից ավելի է: Սայլակով ինքնուրույն չեմ կարող այգում զբոսնել, պետք է օգնեն: Երբ պիտի ընկերներիս հետ լինեմ, սայլակով եմ տեղաշարժվում, ու էս ամեն ինչը դառնում է ահավոր դժվար»,- զբոսայգում շրջելուց հետո իր տպավորություններն է կիսում Արտակը:
Աիդա Սահակյանը, որի երեխան նույնպես սայլակով է տեղաշարժվում, կատակում է`երեխային տեղաշարժվել օգնելիս արդեն այնքան է հոգնել, որ իրեն մի լավ հանգիստ է պետք, բացի այդ, զբոսանքի ժամանակ այնպիսի մկաններ են աշխատել, որոնք երբեք չէր աշխատեցրել:
«Թեքահարթակները կառուցված են, կան տեղեր, որ կա, բայց այնքան անհարմար են, որ կրկնակի ուժ ես գործադրում սայլակը բարձրացնելու համար: Այսինքն` առանց պապայի մենք չենք կարող դուրս գալ: Թեքահարթակների չափսերը չեն համապատասխանում հիմնական ստանդարտներին: Կան ստանդարտներ, թե ինչ բարձրության համար թեքահարթակն ի´նչ թեքությամբ պետք է կառուցվի, որին ոչ մի ձևով չեն հետևում: Իսկ միայն կառուցելու, սրա-նրա աչքը փակելու համար արված գործը մեզ ոչինչ չի տալիս: Հույս ունենք` ինչ-որ մի բան կփոխվի, մենք էլ մասնակցելով ուզում ենք ինչ-որ լումա դնենք, որ այդ գործն առաջ գնա: Չենք կարողանում մի այգի գտնել, որը գոնե քիչ թե շատ հարմար լինի: Թեկուզ մեկը թող լինի, բայց դա էլ չկա: Ձմռանը երեխաները փակ սենյակում են անցկացնում, ամռա՞նն էլ փակ տարածքում պահես»,- ասում է Սահակյանը:
Ինչպես արդեն նշեցինք, այգին «փորձարկել» են նաև կամավոր հեծանվորդները: Նրանցից Անդրեյ Գրիգը մեզ հետ զրույցում նշեց, որ այգին բացարձակապես հարմար չէ` սկսած թեքահարթակներից, վերջացրած հեծանվուղով: Քանի որ Օղակաձև զբոսայգին քաղաքի մեծ այգիներից է, նրա տարածքը շատ հարմար է հեծանվորդների համար, բայց Անդրեյն ասում է, որ այն անբարեկարգ է, բարձիթողի վիճակում:
«Ամեն քայլափոխի քարերը դուրս ընկած են, ավելի շատ հեծանիվն են վնասում, քան ինչ-որ հաճույք ես ստանում: Մենք փորձում ենք ցույց տալ, թե իրականում ի´նչ է կատարվում, որպեսզի ինչ-ինչ մարդկանց շնորհիվ, եթե այդպիսիք կան, գոնե որոշակի բարեկարգվի: Այս ամենը ոչ միայն անում ենք հեծանվորդներիս համար, այլև բոլորի, ովքեր դժվար են տեղաշարժվում»,- բացատրում է Անդրեյը:
Կազմակերպիչների խոսքով` մշտադիտարկում-ակցիային մասնակցելու առաջարկ է ներկայացվել նաև քաղաքապետարանին, որի աշխատակիցներն ակցիայի մասին տեղեկանալով` շարունակ հղում էին կատարում մեկ այլ բաժին: Քաղաքապետարանի որևէ պաշտոնյա այդպես էլ չմասնակցեց այսօրվա ակցիային:
Արա Հարությունյան
